Общее·количество·просмотров·страницы

четверг, 3 июля 2014 г.

               
                       
                                         ՋՐԱՓՈՍ

Լուսիկ տատը տեղը չէր գտնում,երբ տղան,իր միակ տղան,որ իր հույս էր,ուրախությունը,ապրելու էն մի փոքր իմաստն ու ապագայի հանդեպ հավատը՝ ամուսնու՝ Թորոս պապի մահից հետո,մի օր եկավ ու ասաց,որ Ռուսաստան է գնում,ընտանիքին էլ հետն է տանում,որ էստեղ ապագա չկա երեխեքի համար,քանի շուտ է ,գնան տեղավորվեն,մի գործ գտնի,ընտանիքը պահի: Տատը մոլորվել էր.ախր ո՜նց,ինչի՜ համար են գնում,ի՜նչն է էստեղ պակաս,որ գնում են,իրեն էլ մենակ են թողնում էս լքված տանը: Ինքը չէր գնա,հաստատ չէր գնա,Լուսիկ տատը սովոր էր էստեղի օդին,ջրին,նա ուրիշի հողի վրա չէր ապրի:Տղան էլ արդեն հասուն մարդ էր,հասակն առած երեխեք ուներ,եթե որոշել էր,որ պիտի գնան,էլ ոչ-ոք չէր կանգնեցնի: Հարսի սիրտը կախ էր,չէր ուզում գնային,բայց ամուսնուն մենակ թողնելու միտքը հանգիստ չէր տալիս.որտեղ՝ ամուսինը,էնտեղ էլ ինքն ու երեխեքը:Իսկ երեխեքը դեռ մեկնելու լրջությունը չէին հասկանում:Թվում էր,թե Ռուսաստանում կյանքը քաղցր է,գունավոր:Ձգում էր Մոսկվան,բայց երեխեքը դեռ չէին հասկանում,որ Մոսկվայի տներում էլ պատերին ճաքեր կան,էնտեղի ջրափոսն էլ նույնն է,անձրևն էլ,ձյունն էլ: -Տա՛տ,գոնե տարվա մեջ մի օր կգաս մեզ մոտ,-խնդրում էին թոռները: -Թե սաղ մնամ,կգամ,-պատասխանում էր տատը:
Էս էր երևի վերջին խոսակցությունը գնալուց առաջ: Տղան գնում էր գործ գտներ,կինը՝ամուսնու կողքին լիներ,երեխեքն էլ աչքերը փակում ու Մոսկվան էին պատկերացնում:Մոսկվայի ծառերն էլ ավելի կանաչ էին թվում,երկինքն՝ավելի լազուր,էնտեղի արևն էլ երևի մեր արևից չէր,ուրիշ էր: Գնում էին ավտոբուսով ,ու ճանապարհին նայելով ամեն մեկը մի բան էր մտաբերում,մի այլ,մյուսի մտածածին չնմանվող մի դրվագ,մի ցանկություն էր ունենում:Ընտանիքի հայրը տխուր էր,որ գնում են հայրենի հողից,բայց կարիքն էր ստիպել:Երեխեքը երկու-երեք տարուց ուսանող կդառնան,բայց փող չկա ուսման համար,իսկ երեխեքին ուսումից կտրելու միտքը սարսափեցնում էր: Թե հենց հիմա կանգնեցնի ավտոբուսն ու դուրս հանի ընտանիքին,քանի դեռ սահմանը չեն անցել:Ոտքով հետ գնան հայրենի գյուղ,էլի նստի էն հին թախտին,որ թեկուզ չոր,բայց էնքանն իրենն էր,ինչքան հետ դառնալու մասին միտքը,որ հանգիստ չէր տալիս: Մայրը մի անգամ ասաց. -Մոսկվա գնացողը հետ չի գալիս,բալա: -Մամ ջան,կգանք,ուշ թե շուտ հետ ենք գալու: Բայց որդերը սկսեցին կրծել ներսից,որ իրեն էլ խաբեց,մորն էլ,չնայած երկուսն էլ չհավատացին : Տատը` հազիվ գլուխ հանելով էդ անտեր հեռախոսը վերցրեց ու իմացավ,որ տեղ են հասել,տեղավորվել:Հանկարծ ամեն ինչ խառնվեց իրար:Տատը ուրախացավ,հետո տխրեց,խորը շունչ քաշեց ու արտասվեց էնպես թախիծով ու անհույս,որ ծաղկի կոկոնն էլ կբացվեր էդ արցունքաջրից ու հենց արցունքի առատությունից էլ կթոշներ:
Զարմանալի էր,թե մի բուռ դարձած կնոջ մեջ որտեղից էր էդքան արցունք կուտակվել:Աչքերը փոքրացել,աննշմարելի էին դարձել,բայց էդ մանրիկ աչքերից օվկիան արցունքներ էին հոսում,իջնում գոգնոցին: Տատի հիշողության մեջ մանր-մանր դրվագներ էին հավաքվել.միացել իրար ու մի ֆիլմ դարձել.էնպիսի մի ֆիլմ,որը նայելիս սիրահարը արտասվում է,ծերունին՝մեղմ ժպտում,իսկ պատանին դժգոհում է,որովհետև դեռ չի՜ հասկանում: Տատը հիշում էր,թե ինչպես էր Լուսինեն՝ իր թոռնուհին,այգու խնձորները հավաքում,որ շատ հասունանալուց ու կարմրելուց ընկել էին խոտերի մեջ ու աչքով էին անում,իսկ տղա թոռը՝Նարեկը,պապի պատրաստած դույլը ձեռքին բարձրանում էր դեպի աղբյուրը,ջուր լցնում ու քաշ-քաշ տալով բերում տուն: Ճանապարհը սառցե սավանով էր պատվում ամեն ձմեռ,բայց Նարեկը ճարպիկ տղա էր,էնպես արագ-արագ բարձրանում էր ու ջրով լիքը դույլը իջեցնում,որ տատը հպարտանում էր հարևանների մոտ. -Նարեկս իմ օգնականն է: Հիշողությունները գալիս-գնում էին,տատի դեմքը փոխվում էր.մեկ ժպտում էր,մեկ՝գոգնոցի փեշով թաքուն սրբում արցունքի կաթիլը: Երբեմն էլ խոժոռվում էր,անիծում Մոսկվան ու բոլոր բոլորին,ովքեր էնտեղ են ապրում: Թոռների համար Մոսկվան հեքիաթ էր,տատի համար՝սարսափ: Ձմեռն եկավ ու գյուղի ջրափոսն էլ սառավ,Մոսկվայինն էլ: Տատը՝ դույլը առած գնաց ջրի:Մանրիկ քայլերով բարձրացավ բլրակը ու դույլը բերնեբարան լցրեց:Իջնելիս սայթաքեց,դույլը ձեռքից գցեց ու ընկավ սառույցին: Գյուղացիները հիվանդանոց տարան.ոտքն էր կոտրել: Ու հենց այդ ժամանակ զգաց իր մենակությունը,երբ հասկացավ,որ էդ Մսկվայի պատճառով էր,որ էսպես եղավ:Որդին գնաց,ընտանիքին էլ տարավ ստիպված,Էլ Նարեկը չկար,որ ճարպիկ քայլերով բարձրանար բլուրն ու ջուր բերեր,Լուսինեն չկար,որ հաց ու ջուր տար իրեն… Հաց ու ջուր տվողը հարևանի թոռն էր,վառարանը վառողը՝հարևան Անիկը: Ձմեռն անցավ ,բայց տատը տղային էդպես էլ չասաց,որ ընկել է:Անիկին ասում էր. — Ուզում եմ հանգիստ լինեն :Որ ասեմ,ինչ կփոխվի: Երկար պառկեց տատը,շա՜տ երկար:Ծերությունից թուլացել էր,առողջանալու ուժ չուներ:Հարևանի թոռը հոգնել էր հաց ու ջուր բերելուց,տատն էլ հոգնել էր էդ երեխու համար բեռ լինելուց: Գարնան մի անձրևային օր մահացավ Լուսիկ տատը:Հոգնեց ապրելուց,պառկեց իր չոր թախտին ու էլ չարթնացավ,որովհետև արթնացնող չեղավ: Հարևանի թոռը երբ տատին հաց տալու եկավ,գունատվեց,վազեց մոր մոտ ու ասաց,որ տատը քնել է ու չի արթնանում: Տղային զանգեցին:Հենց հաջորդ օրը ընտանիքով եկան,թաղեցին տատին՝այգում,հին ընկուզենու տակ:
Երկու օրից գնացին.գործեր կային,դասեր կային: Ոչինչ էլ չփոխվեց.բալենին էլի ծաղկեց,գյուղում էլի երեխա ծնվեց,ճանապարհի սառույցը հալվեց,բայց տղան հետ չեկավ,ու տատը էլի մենակ մնաց իր գյուղում,իսկ հարևանի հաց ու ջուր բերող թոռը հանգստացած շունչ քաշեց…

Այս պատմվածքը հաղթեց մրցույթում<--

Комментариев нет:

Отправить комментарий