Общее·количество·просмотров·страницы

четверг, 3 июля 2014 г.


Խելագար քիմիկոսն ու մարմարե պարուհին
Արևի առաջին շողերն աչքերս ծակեցին, մեկ էլ մի փոշու լաթ իջավ գլխիս, անկանոն շարժումներով գնաց-եկավ մարմնիս վրայով. մի կերպ ինձ զսպեցի, որ չճղճղամ: Սենյակիս դուռը բացեց առանց հարցնելու, դեռ մի բան էլ ինչ-որ բան է փնտրում:
Իսկական գեղեցկուհի է՝ լոկոնները կոկիկ հավաքած, ամեն օր՝ մի զգեստով: Նախշուն աղջիկ է: Ինչ-որ ուլունքներ վերցրեց, մի քանիսն էլ ինքը դրեց սենյակումս, դուռը շըխկոցով փակեց. քիչ մնաց գլուխս կոտրեր:
Ես պարուհի եմ՝ Ինեսսի զարդատուփում: Ինեսսը հենց այն գեղեցկուհին է, ով դեռ լույսը չբացված, փոշու լաթն առած սկսեց ինձ փայլեցնել: Մարմարե մարմինս փոշու մոխրագույն շերտից ազատվելուն պես ինձ թեթևացած զգացի:
Մեկ-մեկ բախտս բերում է, ու զարդատուփի դռնակը բաց է թողնում՝ արև եմ տեսնում ու պարում, եթե անփույթ աղջիկը մոռացած չի լինում մարտկոցս փոխել:
Երբեմն Ինեսսի ընկերուհիներն են գալիս՝ մեկը մյուսից գեղեցիկ. նստում են, սկսում բամբասել, հագուստներ փորձել. թաքուն հիանում եմ մերկ մարմիններով: Հաճելի աղջիկներ են, ուրախանում եմ, որ գալիս են:
Իսկ Ինեսսի եղբորը տանել չեմ կարողանում: Այդ կամակոր տղան օրվա մեջ հազար անգամ ինձ ստիպում է պարել: Քրոջից գաղտնի մտնում է սենյակ ու պտուտակը պտտելով ինձ պարեցնում՝ կամքիս հակառակ: Քանի օր է չի երևում, լսել եմ հորաքրոջ տանն է հոգեառս: Երեք-չորս օր է շունչ եմ քաշում:
Ինեսը հեռախոսով է խոսում. հանկարծ սկսել կմկմալ, խոսափողը նետեց բազմոցին ու դուրս վազեց սենյակից: Մնացի մենակ, հազար անգամ ինչ տեսել էի այս սենյակում, էլի տեսա: Կամակոր Էրիկի ձեռքով խզբզած պատերը, որոնց համար Ինեսսը լաց եղավ, հին հայելին, որ դիմացս է՝ վրան էլ հիմար գրություններով թղթեր, կոկիկ հարդարված անկողինը, գրքերով բեռնված սեղանը:
Մեկ էլ հոպ՝դուռը բացվեց, բայց ոտքի հարվածից: Իրեն ներս գցեց Էրիկը, սուլելով՝ քրոջ պահարանը քանդեց, փող գտավ, գրպանը խոթեց: Անցավ սեղանին այդ հիմարը. տետրերի մեջ սկսեց խզբզել՝ իր վաղեմի սովորության համաձայն: Մոտենում է հայելուն, գրողը տանի էս սատանային. վախից սկսեցի ավելի փայլել, մոտեցավ ու պտուտակս գործի դրեց: Երանի՜ ամրացված չլինեի զարդատուփին, փախչեի ավազակի ձեռքից:
Պտուտակը գործի դրեց՝ հիմա պիտի պարեմ, բայց չեմ պարի. թող մտածի, թե մարտկոցն է նստել: Պտտեց ու պտտեց մարմինս, իբր ստիպում է, որ պարեմ:
Ուսիս մասում ցավ զգացի.էնպես քաշեց,որ պոկեց թևս:Լաց եղա,բայց ոչ մի արցունք էլ թևս մարմնիս չէր կպցնի:
Ապուշը քրոջից վախենալով ինձ թաքցնել ցանկացավ,դրա համար էլ կոտրված թևս ու մարմինս անփութորեն առավ ափի մեջ ու շուրջբոլորը նայեց:Հարմար տեղ չգտնելով ,արագ դուրս վազեց սենյակից ,ճանապարհին մորը տեսավ,ժպտաց,որ չկասկածի:Դուրս թռավ տնից ու աղբատար խողովակից ինձ ցած նետեց: Ի՜նչ ահավոր էր այդ ցուրտ ու գարշահոտ ճանապարհը:
Շներ լցվեցին աղբանոցը: Սրանցից մեկը ինձ լպստեց,կրծելու փորձեր արեց,բայց՝ապարդյուն.թողեց հեռացավ:Սրա ատամները քերծեցին մարմարս:
Աղբակույտում պառկած մտածում եմ. եթե նույնիսկ այդ հիմար սատանան խոստովանած լինի քրոջը,որ ինձ աղբն է նետել,Ինեսսի մտքով էլ չի անցնի ինձ էստեղից հանել:
Հիմարություն է սպասել , որ բացակայությունդ նկատեն նրանք,ովքեր ներկայությունդ էլ չեն նկատել:
Շաբատներ են անցել, իսկ ինձ մոտ ոչ-մի փոփոխություն չկա. միայն երբեմն աղբի տոպրակ է շըխկոցով ընկնում գլխիս:
Մի առավոտ մեկի սևացած մատները ինձ բռնեցին,մի զույգ աչքեր ուսումնասիրեցին մարմինս,կարծես թե հավանեց ինձ ուսումնասիրողը: Պոկված թևս էլ գտավ ու արագորեն ինձ նետեց իր ոչ պակաս մութ գրպանը:
Աչքերս երբ լույս տեսան, մի քանդված տնակում էի, փայտյա սեղանի վրա,իսկ վերևից զարմացած ինձ էին նայում մի խումբ երեխաներ: Այնքան կեղտոտ էին ու անլվա, որ մի պահ ցանկացա նույնիսկ աղբանոցում մնալ, քան թե հանգրվանել այս տանը:
Երեխաներից ամենափոքրը՝գզգզված և խուճուճ մազերով, ինձ վերցրեց զգուշորեն ու տարավ մի ուրիշ սենյակ:Ինչ-որ գարշահոտ հեղուկ բերեց,քսեց մարմնիս պոկված բեկորին ու կպցրեց թևս:
Շատ անսովոր էր,ախր վախ կար, որ ուր որ է թևս էլի կպոկվի ու կընկնի, օրինակ՝սեղանի տակ, ու էլ ոչ-ոք չի գտնի:
Բայց լավն էր Փոքրիկը, կպցրեց ու զգուշորեն ինձ դրեց մի հին պահարանում:
Ամեն օր կանոնավոր վրայիցս փոշին մաքրում էր, համբուրում, ախր նրա համար ես իրական ու միակ հարստությունն էի,ինքն ինձ համար պատասխանատու էր: Փոքրիկը հասկանում էր, որ մարմարե մատնաչափ պարուհին էլ հոգի ունի:
Շատ կապվեցինք իրար, ես Փոքրիկին շատ սիրեցի, որովհետև եթե նույնիսկ ինքն անլվա էր ու կեղտոտ, բայց ինձ մաքուր էր պահում,կոկիկ:
Այսպես երկար չապրեցինք: Մի անգամ, երբ չքավոր ընտանիքը հերթական անգամ տեղափոխվում էր, որովհետև այս տնակի տանիքն էլ սկսեց կաթել, ինձ մոռացան տանել, ես մնացի այն հին պահարանում, ուր Փոքրիկը միշտ տեղավորում էր ինձ:
Չգիտեմ հիշեց իմ մասին, թե չէ, բայց էլ ետ չեկավ, կամ գուցե հարբեցող հայրը չթողեց, որ հետ գա,բայց ես կորցրի իմ Փոքրիկին…
Շատ չէր անցել Փոքրիկի հեռանալու օրից,երբ տնակում ոտնաձայներ լսեցի:Տնակի տերը երևի գտել էր խղճուկ մեկին,ով կվճարեր տնակի համար,միայն թե տանիք ունենար գլխին:Եկվորը՝իր ծանր կոշիկների ներբանները քստքստացնելով,կարծես վազվզում էր տանը ու ինչ-որ անոթներ տեղափոխում:Ոտնաձայները մոտեցան,պահարանի դռնակները հերթով բացվեցին,և քայլողը անոթները տեղավորեց:Բացեց այն պահարանի դռնակը,որտեղ ինձ թողել էր Փոքրիկը:
Տնակի նոր տերը խելագար քիմիկոս էր:Սպիտակին տվող մորուքով,կարճահասակ,հաստլիկ տղամարդ էր՝վաթսունին մոտ:
Ինձ տեսնելուն պես սկսեց թռվռալ ու հրճվանքից պարել:
Ծերուկները նույն երեխաներն են,միայն թե չարժե հիշեցնել նրանց այդ մասին:
Երբ հրճվանքը թուլացավ,ինձ կամացուկ վերցրեց.կարծես վախենում էր,որ կկոտրվեմ:
Ապրեցինք ծերուկի հետ,այն տարօրինակ խելագարի,որն ինձ պաշտելու չափ շատ սիրեց:Հանճար էր նա:Ինձ նստեցնում էր սեղանին,ինքն էլ հագնում սպիտակ խալաթն ու անցնում գործի:Երբեմն բացատրում էր,թե ինչ է պատրաստում:Թույների գիտակ էր:Բույսերի տերևներն ուտող միջատների դեմ թույներ էր պատրաստում ծերուկը:
Փորձերից հետո գարշահոտության և ծխի մեջ նստում էինք,ծերուկը խոսում էր անվերջ,ես՝լսում:Սիրում էր,երբ լսում էի իրեն,իսկ ես սիրում էի դա անել:
Այնքա՜ն բան գիտեր.իսկական գիտնական էր:Մի օր կպատմեր ալքիմիայից,կեսից կսկսեր գոռգոռալ ու հայհոյել գիտությունը,հետո կհանդարտվեր,խորը շունչ կքաշեր ու կշարունակեր պատմությունը՝համեմված հնուց եկած լեգենդներով ու հորինվածքներով:
Մի օր էլ եկավ,թաց վերարկուն կախեց կոտրված կախիչին,անձրևանոցն էլ թափ տվեց ու բացված վիճակում դրեց սենյակի անկյունում:Ձեռքի ցանցե տոպրակից կաղամբ հանեց,արագ-արագ կտրտեց,լցրեց հին,ալյումինե կաթսայի մեջ ու դրեց գազօջախին:Երբ նստեց վերջապես,զգացի,որ տխուր է ծերուկս:Ասաց,որ թույները չեն վաճառվում,ինքը գումար չունի,անիծյալ տնակի տերն էլ վարձն է ուզում:Ելք չկար.պիտի հեռանայինք:
Գիշեր եկավ,ծերուկը հավաքեց ունեցվածքը՝անոթները բազմագույն գարշահոտ թույներով,դասավորեց մաշված ճամպրուկում,ինձ դրեց վերարկուի ներսի գրպանն ու լքեցինք տնակը՝առանց վարձը տալու:
Վերարկուի գրպանում նստած լսում էի,որ ծերուկի սիրտը դանդաղ է աշխատում.հիվանդ էր քիմիկոսը :Մարմարե սիրտս զգում էր,որ երկար չի ապրի,դրա համար էլ ցանկացա մինչև կյանքի վերջը հետը մնալ:
Երկար ճանապարհ անցանք անձրևի տակ:Կանգնեցինք որջ հիշեցնող խրճիթի առաջ:
Մի խղճուկ սենյակ էր.մի մահճակալ,որի ճռռոցը հունից հանում էր ծերուկին,մի սեղան ու մի աթոռ:Սա էր մեր ունեցածը:
Ինձ սեղանին դրեց ու անոթները զգուշորեն դասավորեց գետնին:
Ահա մեր նոր ապաստարանը:Այստեղ պիտի ապրեինք մինչև ծերուկի մահը:
Հանճարը զգում էր,որ ես հասարակ տիկնիկ չեմ,ինչպես որ Փոքրիկն էր զգում..հենց դրանում էր նրանց ողջ իմաստությունը:
Ամենաիսկական իմաստունները երեխաներն ու խելագարներն են,որովհետև նույնն է նրանց էությունը:
Մի անգամ,երբ սովորականի պես նստած էի սեղանին,իսկ ծերուկը գլուխը խոնարհել էր փորձանոթների վրա,նրա աչքերում արցունքի փոքրիկ,կլորավուն կաթիլ տեսա:
Կյանքում առաջին անգամ արտասվեց հանճարը,ու նրա արցունքի միակ կաթիլը մի ամբողջ մարդկային կյանքի տառապանք էր,որը դժվարությամբ դուրս ծորաց աչքից,գլորվեց կնճռոտ այտի վրայով ու կորավ մորուքի մեջ…
Լսեցի նրա կյանքի պատմությունը,որը երևի քչերին էր պատմում.
«…Մի մռայլ,անձրևային օր,երբ քամին տանիքներից թիթեղներ էր պոկում և զայրույթով շպրտում անցորդների վրա,լրացավ քսաներորդ օրը,ինչ քիմիկոսը դուրս չէր եկել իր լաբարատորիայից:Հանճարը փորձեր էր անում.թույները խառնում իրար,իրարից անջատում,բայց միջատների այն նորահայտ տեսակը,որը ուտում էր բերքի կեսը,ոչ-մի թույնից չէր ոչնչանում:Մի նոր բան էր պետք,մի նոր գարշահոտ հեղուկ,որը վերջ կտար միջատների կայծակնային բազմացմանը:
«Մեջբերումներ քիմիկոսի օրագրից»
Օր չորրորդ
Ոչինչ չի ստացվում,ստացված թույները կամ շատ թույլ ազդեցություն ունեն,կամ միջատների հետ բույսն էլ է վնասվում:
Օր իններորդ
ՄԻ նյութ եմ ստացել,որը նորահայտ միջատների վրա տարօրինակ ազդեցություն է թողնում:Սկսում են անկանոն շարժվել և պառվել մեջքային հատվածի վրա:Բայց սա հարցի լուծում չէ:
Օր տասներեքերորդ
Հուսահատությունը պատել է ինձ:Իմացած-չիմացածս գործի եմ դրել,բայց՝ապարդյուն:Երևի հետ կանգնեմ այս գործից:
Օր տասնվեցերորդ
Ինձ թվում էր,թե վերջապես ստացա այդքան սպասված թույնը,բայց դրանից հետո այդ գարշելիները ընդամենը քնել էին:
Օր քսաներորդ
Ստացա թույնը:
Օրագիրն ավարտվում էր այսքանով:Հաղթական տրամադրությամբ վերադարձավ,տանը ոչ-ոք չկար:
Ծերուկը մենակ էր ապրում վաղուց ի վեր:
Տարիներ էր անցել այն օրից,ինչ մահացել էր ծերուկի սիրելին…
Նա մի թուլակազմ աղջիկ էր,փոքրամարմին ու թխամաշկ:Մեծ աչքեր ուներ՝սև մշուշների նման խոր ու առեղծվածային:Ժպտերես էր,հաճելի:
Նստում էր քիմիկոսի կողքին,նայում,թե ինչպես են ծերուկի ձեռքերը արագ-արագ շարժվում,մի փորձանոթից մյուսը նյութեր լցնում,խառնում:
Առաջ կինը սուրճ էր բերում,ոգևորում,չէր թողնում,որ ընկճվի, օգնում էր ծերուկին,գիշերներն արթուն մնում,որ մենակ չթողնի ամուսնուն,երբ փորձեր էր անում: Սակայն հիմա տունը դատարկ էր: Այս տանն այլևս անելիք չկար:Մի տուն,որտեղ չկա կին,ցուրտ քարայրի նման է,որտեղ լույս գտնելու հույսը չքանում է:
Բացում էր պահարանները՝կնոջ հագուստների բույրը,դատարկ օծանելիքի շշերն ու դիմափոշիները,վաղուց չհագած փոքրիկ կոշիկները,սպիտակ փոքրիկ գուլպաները:Գժվել կարելի էր. երջանկություն պատճառող այս իրերը անտանելի դարձան:
Կրակի մագիլները անհագ կլանում էին այն ամենն ,ինչ կապված էր այդ կնոջ հետ:Ճերմակաթույր զգեստները մրից սևանում էին,ապա դանդաղորեն վառվում,մոխրանում:
Բայց սա չօգնեց ազատվել սիրելի աղջնակի ներկայությունից:Տունը հագեցած էր աղջկանով:Հայելի չէր դա,այլ այն աղջիկն էր,ով ժամերով զննում էր իրեն հայելում,սեղանն էլ իրականում այն չէր,ինչ թվում էր,դա այն աղջիկն էր,որ ամեն առավոտ թեյ էր դնում այդ սեղանին և չարաճճի ժպտում,իսկ պահարանը ամենևին էլ պահարան չէր,դա հենց այն աղջկա մասին պատմող հիշողությունն էր,ով երբեք չգիտեր ինչ հագնել:Սա տուն չէր, այլ խիտ մուգ մազերով ,գեղեցիկ ժպիտով աղջկա մասին հիշողությունների գերեզմանոց:Հեռանալ էր պետք,քանի դեռ տունը չէր լափել հուսահատ ծերուկին:
Ծերուկը աշխատանք չուներ,իսկ նա երիտասարդ էր,առույգ.մի գործ կգտներ :
Ամեն օր կանոնավոր հագնում էր ծաղկավոր շիֆոնե զգեստն ու իջնում տան փոքրիկ այգին:Ծառերն էր ջրում,հողը փխրեցնում,ու ինչքան էլ քիմիկոսը բարկանում էր,նախատում,որ իրեն հալումաշ չանի,միևնույն է,աղջիկն աշխատում էր քրտնաջան:
Այգու ծառերը բարակ ոստեր չէին,այլ հին ու բերքատվությունը կորցրած ծառեր:Ծերուկը տեսել էր,թե քեռին ինչպես է դրանք տնկել,խնամել,ժամանակին պարարտանյութ տվել,ու ինքն էլ չցանկանալով քեռուց մնացած ժառանգությունը ոչնչացնել, երդում էր տվել մինչ մահը պահել այգին,ինչքան էլ որ այն բերքատու չլիներ:
Պարարտանյութեր ու թույներ պատրաստելու մասնագիտությունն էլ քեռուց էր ժառանգել,ով երևի կանխազգալով,որ տղան ուրիշ ոչ մի արվեստի ու արհեստի պիտանի չի լինի,ստիպում էր նրան ժամերով կանգնել իր կողքին,ուշադիր նայել,թե ինչը ինչին պիտի խառնել :Իսկ ծերուկը նախատեսված ժամանակից արագ էր ամենը ընկալում:Հենց այդ ժամանակ էլ քեռին կանխազգում էր,որ տղան նման չէ իր հասակակիցներին,ովքեր դպրոցում քիմիայի ժամերին ձեռքը դնչի տակ դրած քնում էին.նա այնքան արագ էր ընկալում ու հիշում քիմիական բանաձևեր ու թույների պատրաստման բաղադրատոմսեր,որ քեռին զգում էր,որ այդ տղան մի օր իրեն կանցնի:Հենց այդ միտքն էլ ոգևորում էր որբ տղայի միակ հարազատին՝քեռուն,որովհետև ինքն իրեն պատասխանատու էր զգում որբուկին կրթություն տալու,զարգացնելու հարցում:
Տղան մեծանում էր,քեռին՝ծերանում:Ու՞մ հույսին էր մնալու քրոջորդին,երբ ինքը մահանար:Քեռին էլ ամուսնացած չէր,ընտանիք չուներ.մի տուն ու մի տնամերձ այգի:
Ամեն երկուշաբթի միասին վերցնում էին թույներով լի ճամպրուկը ու առաջին գնացքով մեկնում քաղաք:
Ճանապարհին սարերը տարբեր կենդանիներ էին թվում ,ու ամեն մի սար տեսնելիս որբուկը հարցնում էր.
-Սա ի՞նչ կենդանի է,քեռի՛:
-Սա դինոզավր է,տղա՛ս:
-Իսկ սա՛ ինչ կենդանի է:
-Սա էլ երևի մամոնտ է:
-Սա էլ պեգաս է,հաստատ պեգաս է:
-Իսկ սա ի՞նչ է,քեռի՛,այս սարը,որ ցցված գագաթ ունի:Սա ի՞նչ կենդանի է:
-Ս ա էլ միայեղջյուր է:
-Դա ի՞նչ է,քեռի՛:Ի՞նչ է միայեղջյուրը:
-Ձիանման կենդանի է.գեղեցիկ,սպիտակ,սլացիկ ու մի ոլորուն եղջյուր ունի գլխին:Հրաշք է:
-Քեռի՛,իսկ այս կենդանիներն ինչու՞ են սարեր դարձել:
-Տղա՛ս,երբ մարդիկ չեն հավատում մի բանի,որովհետև չեն տեսել,դա հեռավոր մի վայրում դադարում է գոյություն ունենալ:Մարդիկ չեն հավատացել նրանց գոյությանը,իրենք էլ քարացել են և սարեր դարձել:
-Իսկ մի օր կկենդանանա՞ն:
-Եթե մարդիկ սկսեն հավատալ նրանց,նրանք աստիճանաբար կփափկեն,կճկվեն ու մի լուսնկա գիշեր կկենդանանան:
-Այդ ժամանակ սարեր չե՞ն լինի:
-Չե՛ն լինի,բայց մարդիկ սովորել են ոչինչ չնկատել:
Եվ տղան զարմանում էր մարդկային անտարբերության վրա:Մարդիկ դադարել էին նկատել,թե ինչպես են անհետացել սարերից մի քանիսը,երբ մի փոքրիկ տղա սկսել էր հավատալ միայեղջյուրի կամ դինոզավրի գոյությանը:
Գնացքը ծխի վերջին պատառիկներն էր բաց թողնում,երբ որբուկը՝քեռու ձեռքը բռնած դուրս եկան գնացքից:
Քաղաքն անիրական էր թվում որբուկին:Շուրջբոլորն էր նայում ագահորեն,զարմացած:
Քաղաքի աղջիկների շրջազգեստները մեղմ տարուբերվում էին սյուքից ,ու նրանք էլ ՝սովորության համաձայն մի ձեռքով շրջազգեստն էին բռնում,մյուսով՝քամուց խառնված մազերը կոկում:Իսկ քաղաքի տղաները հեծանիվներ ունեին՝ամենավերջին մոդելի:Հեծանիվ քշելով պտտվում էին աղջիկների շուրջ,ուշադրություն գրավում:
Հաճելի հոգնություն կար քաղաքում:Բոլորը շտապում էին ,իսկ ինքը կգերադասեր կանգնել թոհուբոհի մեջտեղում ու դիտել քաղաքի կյանքը՝լուսաբացից մինչ մայրամուտ:Բայց քեռին շտապեցնում էր.
- Արա՛գ արի,դեռ ճանապարհ ունենք գնալու:
Ուրբուկը լուռ հնազանդվում էր ու փոքրիկ կոշիկները քստքստացնելով վազում քեռու հետևից:
Ինչքա՞ն էր հրաշագործների թիվն այս քաղաքում:Բոլոր սարերը տեղում էին(բոլոր քարացած կենդանիները),որովհետև քաղաքում չկային հրաշագործներ,որ ստիպեին սարերին կենդանանալ:Լավ քաղաք չէր ուրեմն.բոլորը լուրջ էին,հրաշքների չէին հավատում,իսկ տղան չէր հասկանում,թե մարդիկ ինչպես չեն հավատում ,օրինակ,միաեղջյուրների կամ պեգասների գոյությանը:
Մտածում էր,որ եթե կան ձիեր,կան եղնիկներ,որոնք եղջյուրեներ ունեն,ու կան թռչուններ ,որոնք կարողանում են թռչել,ապա մի՞թե թռչող ձիեր՝պեգասներ,կամ եղջյուրավոր ձիեր՝միայեղջյուրներ գոյություն ունենալ չեն կարող:Տրամաբանական չէր տղայի համար…
Մի բան սխալ էր այս քաղաքում.կամ քաղաքն էր սխալ,կամ՝քաղաքի բնակիչները:
-Դեռ երկա՞ր պիտի գնանք:
-Չէ՛,հասնում ենք,մի քիչ էլ դիմացիր:Թույները կհանձնենք ու կգնանք քաղաքը տեսնելու,պաղպաղակ կուտենք:
Երբ վերջապես հասան պարարտանյութերի խանութ,քեռին ասաց,որ տղան դրսում սպասի.ինքը կվաճառի թույներն ու անմիջապես կգա:
Տղան կանգնել էր օտար քաղաքի օտար փողոցներից մեկում ու նայում էր օտար մարդկանց,որոնց համար տղան այնքան սովորական էր,ինչքան փողոցի լապտերը:
Քեռին ուշանում էր,տղան՝ձանձրանում:Որոշեց մի փոքր քայլել փողոցով:
Մեկ ,երկու ,երեք,չորս,…,հիսունմեկ,…,հարյուր քսանմեկ քայլ ու կարելի էր արդեն հետդարձ կատարել:Բայց մի րոպե.որտե՞ղ է ինքը,ախր ընդամենը քայլում էր էն փողոցով,որտեղ թողել էր քեռին,իսկ հիմա ու՞ր է պարարտանյութերի խանութը,ու՞ր է փողոցի լապտերը…Եվ վերջապես ու՞ր է քեռին:
Որբուկը մոլորվել էր այդ մեծ քաղաքում,իսկ քեռին չկար:
-Քեռի՜,քեռի՜:
Բայց միայն անցորդների արհամարհական հայացքներին էր արժանանում տղան:
Կոշիկների մեջ այրվող ոտքերը հազիվ քաշ տալով, այս փողոցին այն փողոցն էր գնում,չափչփում ամբողջ քաղաքը,խանութների ցուցափեղկերից ներս նայում,փնտրում քեռուն ու գոռում արդեն հուսահատ.
-Քեռի՜,ինձ մենակ չթողնես ,առանց ինձ տուն չգնաս:
Սարերն էլ արդեն աչքին չէին երևում,քաղաքն էլ.քեռին էր պետք տղային,իր քեռին,իր միակ հարազատն ամբողջ աշխարհում:
Երեկոյան կողմ,քաղաքի թաղամասերից մեկում մի ոստիկան տեսավ լացող տղային,մոտեցավ ու հարցրեց.
-Ի՞նչ է պատահել,փոքրի՛կ:
-Քեռուս եմ կորցրել,նա պարարտանյութերի խանութում է:Ես առանց զգուշացնելու անցա փողոցն ու կորցրի քեռուս:
-Արի ինձ հետ,տեսնենք ուր է քեռիդ:
Ոստիկանը բռնեց տղայի ձեռքն ու գնացին այն ուղղությամբ,ուր կտաներ:Ճանապարհներն անծանոթ էին թվում.ինքը այս կողմերով չէր անցել,երբ հեռացել էր խանութից:
Համազգեստավորը մերթընդմերթ ժպտում էր որբուկին,հուսադրող խոսքեր ասում.
-Ուր որ է կգտնենք քեռուդ,քիթդ մի կախիր:
Ահա՛,երևում էր պարարտանյութերի խանութի վահանակը,որի տառերը կիսաջնջված,բայց այն ամենալավ վահանակն էր թվում աշխարհում,որովհետև հենց այդ խանութում էր քեռին:
Ձեռք ձեռքի տված մտան խանութ,և վաճառողը՝ոստիկանին տեսնելով,փոքր-ինչ ձգվեց ու կեղծավոր ժպտաց սրածայր բեղերի տակից:
-Ու՞ր է քեռին,-չսպասելով հարցրեց տղան՝մի սպասողական հայացք գցելով վաճառողի դեմքին:
-Դու նրա քրոջորդի՞ն ես:Հա՜,միանգամից գլխի չընկա:Արի՛,նստիր էստեղ,մի բան կուտես,մինչ քեռիդ գա:Շտապ գործ ուներ,գիտեր,որ ուր էլ գնաս,վերջում խանութ ես գալու,ու խնդրեց,որ քեզ պահենք ինչքան պետք է:Պարո՛ն ոստիկան,դուք կարող եք գնալ,մենք հոգ կտանենք տղայի մասին,մենք նրա քեռու ընկերներն ենք:
-Ճանաչու՞մ ես այս մարդկանց, փոքրի՛կ,-հարցրեց ոստիկանը:
-Հա,քեռին իրենց հետ էր խոսում ,երբ ես դրսում սպասում էի:
-Լավ,պարոնայք:Ցտեսություն,-հանգստացած շունչ քաշելով ասաց համազգեստավորն ու գնաց:
-Դե արի նստիր,տղա՛ս,պատմիր քո մասին,մինչ քեռիդ գա:Մենք քո բարեկամներն ենք,կարող ես վստահել մեզ:
-Իսկ ե՞րբ կգա քեռին, նա երբեք առանց ինձ զգուշացնելու չի գնացել:
-Շտապ կանչեցին,քեզ էլ չգտավ,որ տեղեկացնի:Մտածեեց մի տեղ թրև ես գալիս:
Որբուկն անհանգիստ էր:Դա քեռու բառերը չէին,քեռին էդպես չէր վարվի,չէ՛,խաբում են այս մարդիկ.բայց ինչու՞,ի՞նչ է սրանց պետք իրենից ու իր քեռուց:
-Մենք էստեղ էլ ապրում ենք:Այսօր քեռին չի գա.երևի գործերը շտապ են:Կմնաս էստեղ,առավոտյան քեռին կգա կտանի քեզ:
Տարօրինակ էր այս ամենը:Ինչքան էլ բեղավորը համոզիչ էր խոսում,սիրալիր,միևնույն է քեռին ընդունակ չէր հենց էնպես թողնել գնալ:
Իսկ եթե ինքը չէ՞ր ճանաչել քեռուն այսքան ժամանակ.միգուցե քեռին անպատասխանատու մարդ էր,կամ թքած ուներ իր վրա,կամ ինքը բեռ էր քեռու համար,որովհետև ինքը գիտեր,որ նա քիչ է վաստակում ու հազիվ է ուտելիքի փող ճարում:Մի՞թե քեռին իրենից ազատվելու այս տարբերակն էր ընտրել,իսկ այս սրտացավ մարդիկ էլ իրականությունը թաքցնելով հույս էին տալիս իրեն:Կամ գուցե նամա՞կ կար մի որևէ տեղում,որտեղ քեռին բացատրել էր իրեն լքելու պատճառը,բայց բեղավորը՝խղճի խայթ զգալով չէր տալիս նամակը:
Մտորումները հանգիստ չէին տալիս.տղան մտածում էր,որ քեռուն էլ չի տեսնի,որ այսօր վերջին անգամն էր,որ տեսավ նրան,նայեց բարի ու կարեկցություն արտահայտող աչքերին:
Քնեց պարկերի կույտի վրա,որը որպես անկողին էր ծառայում,իսկ առավոտյան բոլորից շուտ արթնացավ ու քեռուն էր սպասում անհամբեր:
Կամացուկ վեր կացավ պարկերի վրայից,որ չարթնացնի բեղավորին ու դուրս եկավ խանութից:
Փողոցը դեռ դատարկ էր.երևի ժամը վեցը կլիներ դեռ:Երբեմն անցնում էին բանվորներ,մանր առևտրականներ,բայց քեռին չկար:
Որբուկը էսպես շատ կանգնած կմնար,եթե հանկարծ չհայտնվեր բեղավորը:
-Քեռիդ էր զանգել,տղա՛:Այսօր չի գա.գործով մեկնել է քաղաքից:Խնդրեց փոխանցեմ,որ ինձ օգնես առօրեական գործերում:
-Պարո՛ն,կզանգե՞ք քեռուն,խնդրում են,ուզում եմ խոսել հետը,հետո խոստանում եմ օգնել ձեզ:
- Քեռիդ հեռախոսահամար չթողեց,բայց էլի կզանգի,մի մտածիրՀիմա արի նախաճաշիր ու անցնենք գործի:
Անցնենք գործի՞…պարոնն ինչու՞ էր այդքան վստահ խոսում,ի՞նչ գործ պիտի անեին:
-Դե՛,տղա,շտապիր,ի՞նչ ես քարացել:
Նախաճաշ կոչվածը հին հաց էր ու մի բաժակ կաթ:
Նստել էին պարկերի վրա և այնպիսի ախորժակով էին ուտում,որ թվում էր,թե տարիներով հաց չէին կերել:
- Հիմա անցնենք գործի:Այս շշերը կլվաս,որ քեռիդ շուտ գա:
Տղան լուռ անցավ գործի:Անկյունում դարսված կեղտոտ շշերը բերեց սենյակի կենտրոն ու թևքերը վեր քաշելով գործի անցավ:
Շշերից գարշելի հոտ էր գալիս,իսկ տաշտի ջուրն այնքան տաք էր,որ ձեռքը ջուրը մտցնելով գոռում էր տղան:Ամեն մի շիշը մի փորձություն էր,իսկ առջևում դեռ տասյակ կեղտոտ շշեր կային:
Ժամանակն անցնում էր,շշերը՝մաքրվում ու շարվում էին սենյակի մի անկյունում,բայց քեռին չկար,բեղավորն էլ խանութն էր սպասարկում:
Երբ գործն ավարտեց,բեղավորը հրահանգեց,որ նկուղը հավաքի,իսկ քեռուն տեսնելու համար ինքն ամեն ինչ էլ կաներ:
Ամբողջ նկուղը շշեր,կեղտոտ լաթեր ու շորեր էին:Հարկավոր էր դրանք մի կողմի վրա հավաքել ու հատակը մաքրել:
Շորերը դասավորելիս մեկ էլ հանկարծ քեռու վերնաշապիկը՝շագանակագույն,գրպանին՝ասեղնագործված աստղ.ինքը շփոթել չէր կարող.դա քեռու վերնաշապիկն էր,դրանով էր քաղաք եկել,բայց ինչու՞ է հիմա քրջերի մեջ,կեղտոտ,պատառոտված:Ի՞նչ էր պատահել քեռուն,ու՞ր էր հիմա:Բեղավորին վստահել չէր կարելի.այս մարդու մատը երևի թե խառն էր քեռու անհետացման մեջ:
Անցան օրեր,բազում կեղտոտ շշեր էլի փայլեցին ,բայց քեռին ո՛չ գալիս էր,ո՛չ զանգում:
Ամեն առավոտ,մինչ բեղավորն արթնանար,փոքրիկը վազում էր փողոց,փնտրում քեռուն,նայում ,թե արդյոք սարեր չե՞ն անհետացել:Բայց փոփոխություն չկար.միապաղաղ քաղաք էր:
Փախչել էր պետք այստեղից.բեղավորը աշխատեցնում էր անընդհատ,իսկ քեռին չկար ու չկար:
Մի առավոտ,երբ լրացավ մեկ շաբատը,որ տղան շշեր էր լվանում ու փալասներ դասավորում պարարտանյութերի խանութի նկուղում,նա գաղտնի փախավ՝չիմանալով էլ,թե ուր է գնում:
Մեկ,երկու,երեք,…,հիսունմեկ,հիսուներկու,…,երեք հարյուր տասնինը քայլ ու որբուկը կանգնած էր մի խանութի առաջ,որտեղից երևի գնումներ էին կատարում մեծահարուստների կանայք,որոնց միայն թերթերում էր տեսել:
Քաղաքն արդեն արթնանում էր,երթևեկությունն՝աշխուժանում.մարդիկ աշխատանքի էին շտապում օտար քաղքերից մեկում,իսկ մի որբուկ՝փողոցների լաբիրինթոսում կանգնած չգիտեր ուր գնալ,որտեղ քեռուն փնտրել:Մարդիկ այնքա՜ն օտար էին,անծանոթ,իսկ միակ հարազատի դեմքը չկար ամբոխում:
Որբուկը գրեթե գիտեր,թե ուր է քեռին,բայց չէր ցանկանում հավատալ դրան:
Հիվանդանոց,ոստիկանություն կամ դիահերձարան…
Փողոցի ծայրում կանգնած ոստիկանը կօգներ իրեն:
-Բարև ձեզ,պարո՛ն,ես քեռուս եմ կորցրել:
-Էլի դու՞:Փոքրի՛կ,ինչքան հեշտ է կորչում քեռիդ:
Սա հենց այն ոստիկանն էր,ով օգնել էր գտնել պարարտանյութերի խանութը:
-Քեռիս էդպես էլ չեկավ:Այն բեղավոր մարդն էլ ոչինչ չասաց քեռու մասին:Նկուղից էլ քեռու վերնաշապիկը գտա՝պատառոտված:
-Վերնաշապի՞կը:Արդեն լուրջ է:Արի՛ ինձ հետ:Գնացի՛նք:
Ոստիկանը ոստիկանատուն շտապեց՝հետը քաշ տալով որբուկին:
-Նստիր էստեղ,մի բանով զբաղվիր,ես հիմա կգամ:
-Ի՞նչ անեմ:
-Օրինակ,հաշվիր,թե էստեղ կանգնածներից քանիսի հագուստի կոճակներն են սև,քանիսը՝կապույտ,սպիտակ:
-Իսկ դա ինձ ի՞նչ կտա:
-Ոչինչ էլ չի տա:Կսովորես ուշադիր լինել մանրուքներին:Կոճակները երբեմն վերարկուներից հիշարժան ու կարևոր են լինում,մտապահի՛ր ասածս:
Կոճակները սկսեցին կարևոր թվալ,բայց կոճակներից բացի կարևոր էին մարդկանց շրթունքերը,քթի կեռությունը,ականջների ձևն ու ճակատի լայնությունը:Ու հաշվարկման այս գործընթացը,որ թվում էր,թե հինգ րոպեից ավելի չի տևի ու հետաքրքրական չի լինի,հիացրեց նրանով,որ սկսեց զարմանալիորեն հետաքրքրիր ու պետքական թվալ:Մի՞թե մարդկանց հագուստի կոճակներն ու նրանց շրթունքների ձևը ավելին չէին ասում նրանց մասին,քան այն խոսակցությունները,որոնց նրանք մասնակցում էին,և արդյո՞ք դրանք չէին մարդկանց ճանաչելու ամենապարզագույն ձևերը:
Միջանցքի կենտրոնում կանգնած էր մի սևահեր կին,որ բարակ շրթունքներ ուներ ու սուր քիթ,և ում հագուստի վրա կար յոթ կարմիր կոճակ:Մեկն էլ անկյունում էր,որ սև շիֆոնե զգեստ էր հագել՝տասը սև կոճակով:
Ոստիականատան միջանցքում կանգնած մարդկանց հագուստների կոճակների ընդհանուր թիվը ութսունյոթ էր.յոթը՝կարմիր,տասնհինգը՝սպիտակ,հինգը՝շագանակագույն,իսկ վաթսուն հատը՝սև:
Ինչու՞ էր սևը գերակշռում:Այս հարցին պատասխանել չկարողացավ փոքրիկը:
Ոստիկանը դուրս եկավ սենյակից,արագ բռնեց փոքրիկի ձեռքն ու ասաց.
-Գնացինք:
-Ու՞ր:
-Քեռուդ ենք գտել:Հիվանդանոց ենք գնում:
-Վիրավոր է կուրծքը,բայց հիմա քննարկելու ժամանակը չէ:
Հիվանդանոցը մարդաշատ էր:Հենց այս մարդիկ էին ,որ հրաշքների չէին հավատում,այլապես նրանք չէին արտասվի,կհավատային հիվանդների ապաքինմանը,իսկ հեռու մի վայրում մի մոռացված կենդանի կկենդանանար:
Մի կերպ հիվանդասենյակ մտան:Փոքրիկը վազելով քեռու վրա ընկավ,արտասվեց:
-Քեռի՛,էդ բեղավո՞րն է քեզ վնասել:
-Չհամաձայնվեցի առաջարկած գնին,կռվի բռնվեցինք,դանակ հանեց ու հարվածեց:Մի կերպ դուրս եկա խանութից,մի քանի մարդիկ էլ հիվանդանոց բերեցին:Երբ հարցաքննեցին,չասացի իրական պատճառը,որ բեղավորին չբռնեն:Գիտեի,որ խանութ կգնաս,իսկ նրան եթե բռնեին,մնալու տեղ չէին ունենա,տղա՛ս:
-Քեռի՛,շուտ առողջացիր…
Հիվանդանոցը բանտ էր թվում.քեռին՝անկողնում գամված,շուրջբոոլորը՝հիվանդներ:Անտանելի օրեր էին:Վերքը խորն էր,կարող էր լուրջ հետևանքներ ունենալ:
Երբ լրացավ քսաներեքերորդ օրը,քեռին դուրս գրվեց հիվանդանոցից:
Մեկնեցին գյուղ.էլի հարազատ տունը,էլի մրգատու այգին ու հարևանի երջանիկ դեմքը.աղջիկ էր ունեցել:
Սևահեր,մեծ ու կլոր աջքերով աղջիկ էր:
- Մեծանա՝գեղեցկուհի կդառնա,-ասում էր քեռին հարևանին:
Օրերն անցնում էին,քեռու սիրտը լավ չէր,երբեմն գործը կիսատ էր թողնում,նստում,որ հանգստանա:
Որբուկը օր օրի մի նոր բան էր սովորում,իսկ քեռին էլ առաջվա պես չէր նախատում,որ լաբարատորիայում ոչնչի չդիպչի,այլ խրատում էր.
-Գործդ ուշադիր արա,կոկիկ,որ վերջում քեզնից գոհ լինես:
-Քեռի,բայց գնորդը պիտի գոհ լինի,ոչ թե ես:
-Դու քեզնից գոհ եղիր,թող պատրաստածդ էլ չառնեն:
Մի օր էլ թե.
-Տղա՛ս,հմուտ ես դարձել էս գործում:Իմ գործը դու կշարունակես:Պատվաբեր գործ չէ,բայց աշխատանք կունենաս:Սովորիր երբեք չամաչել արացդ գործից՝ինչ էլ անես,միայն թե մարդկանց վնաս չտաս արածովդ:
Քեռին անկողին ընկավ,վիճակը ծանրանում էր,վերքը հետևանքներ էր ունեցել առողջության վրա,բայց սիրտը տարօրինակ կերպով հանգիստ էր:Փոքրիկի հանդեպ իր պարտքը կատարել էր,հիմա նա հանգիստ խղճով էր ապրում կյանքի վերջին օրերը:
Օրեր անց մահացավ քեռին,գյուղը սգի մեջ էր:Իսկ փոքրի՞կը.ի՞նչ պիտի լիներ տղայի հետ,ու՞ր պիտի գնար:
Քեռին նամակ էր թողել տղային,որը կարդալիս որբուկը՝մեկ ժպտում,մեկ արտասվում էր:
«Տղա՛ս,ես զգում եմ,որ մահս մոտ է,դրա համար էր գրում եմ այս նամակը:Քեզ լավ կնայես,գործս կշարունակես,թե մի ավելիհարմար աշխատանք չգտնես:Հիշու՞մ ես,երբ քաղաք էինք գնացել.այդ օրը դու հավատում էին հրաշքներին,որովհետև ամեն ինչ կարգին էր,իսկ սրանից հետո ես չեմ լինի,բայց դու պիտի շարունակես հավատալ: Հիմա դու մենակ ես,որդի՛ս,բայց թե հավատաս,որ հրաշքներ են քեզ շրժապատում,մենակությունն այլևս չի խեղդի քեզ ու մի օր էլ որդուդ կասես այս մասին: Իմ ժամանակը եկել է,բայց դու դեռ ճանապարհ ունես անցնելու…»:
Նամակը որքան լակոնիկ,նույնքան էլ ընդարձակ էր թվում:Որբուկը կարդում էր ու արտասվում,թվում էր,թե քեռին կատակ էր անում ու կարթնանա,բայց հրաշքները միշտ չէ,որ պատահում են…
Թաղմանը շատ մարդիկ չկային,բայց ովքեր էլ որ եկել էին,տարօրինակորեն մտահոգ էին.ու՞մ մոտ էր մնալու տղան,ո՞վ այդպիսի հսկայական բեռ կվերցներ իր ուսերին,որ տղան մանկատուն կընկներ:
Տիկնիկը լսում էր պատմությունն ու նայում ծերուկի խորշոմած դեմքին,փոքրացած աչքերին ու աչքերում կարդում այն պատմությունը,որը այդ ծերացած շրթունքներից դուրս էր ծորում այնքա՜ն հանգիստ,ելևէջային:
Այսպես շարունակում էր ծերուկը…
Տղային օթևան տվեց հարևանը,որը քեռու ընկերն էր:Լավ չէին ապրում,կինն էլ նոր էր ծննդաբերել,բայց բարությունը վեր էին դասել կարիքից:
Դժվար էր ապրելն ուրիշի ընտանիքում՝տեսնելով,որ հոգսը շատ է,իսկ ինքը ոչնչով օգնել չի կարող:
Հարևանը դարձավ հայրիկ,հարևանի կինն էլ՝մայրիկ:
Նրանց նորածին դստեր անունը կնքեցին Ամելի:Ամելին մեծանում էր օր օրի.արդեն ժպտում էր,իսկ աչքերում,այդ խոշոր սև աչքերում արդեն կայծ կար,մի մանկական ,բայց կանացի գրավչություն:
Որբուկը շատ էր սիրում Ամելիին,զբոսանքի էր տանում,ծամածռություններ անում,որ ուրախացնի:Չնայած,որ ինքն արդեն տասնհինգ տարեկան էր,բայց աղջիկը ընկեր էր իր համար,փոքրիկ ընկեր,ով միշտ օգնության ու պաշտպանության կարիք ունի:
Հարևանի կինը միշտ հպարտանում էր,որ իր աղջիկը պաշտպան ունի,մեծ ընկեր:
Այսպես ապրեցին երեք երկար,բայց այնքա՜ն կարճ թվացող տարիներ:Ընտանիքում միայն ապրելը քիչ էր,աշխատել էր պետք:
Այս տարիներն երևի ամենաերջանիկն էին իր կյանքում,երբ տանիք ուներ գլխին,ընտանիք,ու միշտ կարող էր վերադառնալ:
Հեռացավ իրեն ծնողաբար սիրող հարևաններից,բայց հետ գալու ակնկալիքով:Աշխարհը իրեն էր սպասում:
Ծերուկը պատմում էր,որ սովորել է ինչ-որ գիմնազիայում,որի անունը նույնիսկ չի հիշում ու այդ անպետք գործի վրա հինգ տարի է կորցրել:Ապրել է ուսանողական հանրակացարանում,մանր-մունր գործեր արել,որ իրեն պահի:Ուսումն ավարտել է ու հասկացել,որ օդաչու չի դառնա,բայց հանքափոր՝միգուցե:
Հանքերի տարիներն ամենասարսափելին էին,երբ բահը կոշտուկներով էր ծածկում ձեռքերը,որոնց տերը դեռ չէր բոլորել քսանչորս տարին:Գործատուն էլ բռիի մեկն էր.աշխատավարձ էր տալիս,երբ սիտն ուզեր,իսկ երբ տրամադրություն չուներ,բահն էլ կկոտրեր հանքափորների գլխին:
Հանքափորների մեջ կային ամեն տարիքի մարդիկ.ծերերից մինչև տղաներ,որոնց տարիքը չէր գերազանցում տասնութը:
Սրանցից ամենափոքրը մի տասնվեցամյա տղա էր՝նիհար,բարձրահասակ:Հայրը հարբեցող էր,տանն էլ մի խումբ անոթի մանուկներ կային.ընտանիքի միակ հուհսը ինքն էր:
Մի անգամ,երբ նա բահից կոշտացած ձեռքերն էր լվանում,գործատուն վրա հասավ ու ուժգին խփեց խեղճի վզին:Ցավից կուչ եկավ,որ չգոռար:
Մեկ էլ ծերուկը վրա էր հասել ու բահով խփել դրա գլխին:Սա ընկել է,ծերուկին էլ բանտ են գցել:
Իսկ բանտը մի նոր փորձություն էր տղայի համար:տասներկու երկար տարիներ ապրել էր այդ անիծյալ խցում,իսկ դրսում ոչ-ոք էլ երևի իրեն չի սպասել,չի իմացել ինչ է գլխին եկել:
Արևի լույսը պարգև էր,որ նեղ ճաղավանդակներից թափանցում էր երբեմն ,որ լուսավորի մթագնած բանականությունը:
Տաժանակիր աշխատանքն էլ թուլացրել էր երբեմնի ուժը.միայն կաշի էր մնացել ժամանակից շուտ ծերացող տղամարդու վրա:
Տասներկու ծննդյան տարեդարձներ անցել էին խցում՝խլելով ծերուկի լավագույն տարիները:
Երբեմն երբ մտածում էր,թե մի թշվառ տղայի պատիվը պահելը ինչ գին ունեցավ իր համար,սարսուռ էր անցնում մարմնով մեկ.մի՞թե ինքը ընդունակ էր վեհության,մի՞թե ինքը մարդկային վեհ տեսակ էր:Բայց համեստությունը թույլ չէր տալիս ընդունել իր մեջ արմատավորված ճշմարտությունը,որը բոլոր բանտարկյալներն արդեն ընդունել էին ու իրենք իրենց բախտը թողած,միշտ կրկնում էին.
-Քեզ պիտի ձեռքերի վրա պարեցնեին,ոչ թե բանտարկեին:Սա քո տեղը չէ,դու մաքուր մարդ ես:
Երբ անցան բանտային տարիներն ու այդքան ցանկալի ազատությունը ծերուկին կրկին իր գիրկն առավ,լրացել էր նրա երեսունհինգ տարին:
Հայրենի գյուղն էր միակ ապաստանը,ուր կարելի էր վերադառնալ:
Ինչքա՜ն մեծ էր զարմանքն ու շփոթությունը,երբ տեսան նրան:Հայրն ինչքա՜ն էր ծերացել,փոքրացել,մայրը՝փոխվել,կորացել էր:Իսկ Ամելին,այն փոքրիկ աղջիկը,որը մեծ ու կլոր աչքեր ուներ,գեղեցկուհի էր դարձել:Տասնյոթ տարի անց…
Ժամանակը փոխել էր բոլորին.ոմանց ծերացրել,ոմանց էլ փոխանցել ծերերի վաղեմի գեղեցկությունն ու թարմությունը:
Ամելին հասուն օրիորդ էր դարձել,իսկ երբեմնի մանկական ժպիտը փոխարինվել էր կանացի հեզ ու ամաչկոտ ժպիտի:Ժպտալիս ձեռքերով փակում էր դեմքը.մտածում էր,թե ծիծաղելի տեսք ունի,իսկ իրականում այնքա՜ն հմայիչ էր,երբ ժպտում էր:
Երբ լրացավ Ամելիի քսան տարին,ծերուկը,որ այդ ժամանակ դեռ առնական տղամարդ էր,զգաց,որ մի աննշմարելի թրթիռ կա իր սրտում,որ երբեմնի փոքրիկ աղջկա հանդեպ եղբայրական զգացումը փոխվել էր մի ուրիշ,անբացատրելի համակրանքի,որը գնալով ավելի էր տարածվում իր մեջ,արմատներ գցում,տակնուվրա անում հոգին:
Ինքն արդեն երեսունհինգը բոլորած,հասուն տղամարդ էր,իսկ իր առջև կար մեկը,ով դեռ նոր էր կյանք մտնում,ում շրջազգեստի մեղմ ծածանվելը նույնիսկ հաճույք էր պատճառում:
Այդ մուգ մազերը,այդ մեծ ու կլոր աչքերը,երբեմն մանկան պես հրճվելն ու արտասվելը մի ամբողջ մարդկային հավերջություն էին:
Աշխարհը սկսվում էր այդ փոքրիկ ոտքերից ու ավարտվում այդ գիշերվա պես սև աչքերով:
Ամելին գյուղի դպրոցում էր սովորել,իսկ ուսումն ավարտելուց հետո մորն էր օգնում կար ու ձև անել,որ ընտանիքի հոգսը միայն հոր ուսերին չթողնեն:
Ամելիի հայրը,այդ բարի ու կարեկից մարդը,ով իր հարկի տակ տարիներով պահեց մի որբ տղայի,ծերացել էր,ուժից ընկել,աշխատելը դժվարացել էր.ծանր էր ընտանիքի վիճակը:
Մի առավոտ,երբ Ամելին մորն էր օգնում ,ծերուկը մի կողմ տարավ նրան ու ամուսնության առաջարկ արեց:
Անբացատրելի էր Ամելիի դեմքի արտահայտությունը,երբ լսեց դա:Շփոթվեց,լարվեց ու տուն փախավ:
Ծերուկը հիշում էր,որ այդ պահերին անտանելի վիճակում էր ինքը գտնվում.մտքերի ու հարցերի կծիկը որքան գնում,այնքան ավելի էր խճճվում:Երջանիկ լինելու հույս կար րոպեներ առաջ,իսկ հիմա մերժումի պատիժը սրտին պիտի կրեր ամբողջ կյանքում:
Ինչու՞ մերժեց,մի՞թե ինքն անարժան տղամարդ էր,կամ գուցե տարի՞քն էր խանգարում:Մի՞թե տարիքային տարբերությունը կխանգարեր համատեղ կյանքում,կամ իրենց միությունը կքանդեր:
Բայց ամուսնացան մի օր.երևի դա ճակատագիր էր,ինչպես երբեմն ասում էր հանգուցյալ քեռին:
Դա մի հրաշալի,լուսավոր օր էր,երբ հավաքվել էին ամենամոտ մարդիկ և ուրախանում էին,որ որբ տղան գտավ իր երջանկությունը:
Ամելին ճերմակ,համեստ զգեստ էր հագել,որ չէր առանձնանում ճոխությամբ,բայց նման չէր շատ այլ զգեստների,որոնց համար մի ամբողջ կարողություն են վատնում:Ինքն էր կարել՝ժամերով նստելով կարի մեքենայի դիմաց,ամեն մի ուլունք մանրակրկիտ ուսումնասիրելով,դասավորելով:
Հարսանյաց զգեստի կարելը պատասխանատու և կարևոր գործ էր,որը Ամելին կատարում էր մեծ ուշադրությամբ ու ծով համբերությամբ զինված:
Ծերուկը երբեմն կանգնում էր նրա կողքին՝տեսնելու,թե ինչպես է կարում,ուլունքները մեկիկ-մեկիկ ընտրում:
Ի՜նչ անրջային օրեր էին դրանք,երբ երջանկությունն այդքան մոտ էր,հարազատ: Երջանկությունը,որ ժամանակին թևերը կտրած,անօգնական թռչուն էր,հիմա արդեն նորոգվել,ամրացել էր ու թևերը լայն բաց արած ճախրում էր:Հիասքանչ էր կյանքը՝իր արատներով հանդերձ:
Հարսանիքը հեքիաթ էր և տարիներ անց հիշում էր,թե ինչպիսի շփոթություն տիրեց իրեն,երբ Ամելիին հարսի զգեստով տեսավ,երբ բռնեց այդ փոքրիկ ձեռքը,որի վրա փայլեց ամուսնական մատանին ու աղջկական այն ամաչկոտ ժպիտն էր հիշում,որ փոխվեց կանացի հասուն,գերող ժպիտի:
Ամենաիսկական երջանկությունն էր այդ աղջկա ձեռքը բռնած քայլելն ու հասկանալը,որ իր կինն է դառնալու.դա սրտին մի ուրախ անհանգստություն էր բերում:
Պատասխանատվությունն այդ գեղեցկադեմ աղջկա հանդեպ մեծ էր.ինքը պիտի հեգ տաներ ու խնամեր նրան հոր նման:
Արդյոք ինքը արժանի՞ էր այդպիսի մի պարգևի,կկարողանա՞ր այնսպիսի սիրով ու հոգատարությամբ շրջապատել Ամելիին,որ նա երբեք հետ չնայեր՝հասկանալու ճի՞շտ է վարվել,թե՝ ո՛չ:Իրենց որոշումը պիտի հավերժական երդման նման լիներ,որը ամրագրում են քարին,և ոչ մի անձրև ու ձյուն չի մաքրում դա երբեք:
Ամուսնությունը հիմք դրեց մի անխախտ կապի,որը հազվադեպ է պատահում տարիքային մեծ տարբերությամբ ամուսնացած մարդկանց միջև,բայց երբ պատահում է՝դա աշխարհի բոլոր միություններից տարբեր է լինում,որտեղ կին-տղամարդ կապից բացի,որը հատուկ է բոլոր սովորական ամուսիններին,լինում է մի անընկալելի հայրական հոգատարություն,որը հասակակից ամուսինների մետ չի պատահում:Եև սա ամենևին էլ չի նշանակում,թե այսպիսի զույգի մեջ սեր չկա.ընդհակառակը,երեխայի հանդեպ հոգատարությունը, ,որը հատուկ է միայն հայրերին,որոնք կուրծքը դեմ տված պաշտպանում են փոքրիկին վտանգից ,ագուցվում է երիտասարդական թրթռուն սիրո հետ ու մի աներևակայելի ընտանիքի պատկեր է ստեղծվում:
Հարսնացուն՝անմեղության քողով պատված ցանկանում է երեխա լինել ամուսնու համար,բայց միևնույն ժամանակ հավատարիմ կին,ընկեր ու սիրուհի:
Այս ամուսնության հիմքում նմանատիպ միություն էր,որը արտահայտվում էր ամուսնու հոգատարությամբ ու անսահման սիրով ,և կնոջ նվիրվածությամբ ու աղջկական չարաճճիությամբ:
Չարաճճի այդ վարքագիծը,որ ուներ Ամելին,այնքա՜ն էր գրավում ծերուկին,ով կյանքում ավելի հրաշալի երևույթ չէր տեսել:
Դեմքի վրա խաղացող ժպիտը,շփոթության հասնող զարմանքը,խիտ մազերի անկանոն հյուսն ու խորունկ աչքերի մուգ փայլը մի առանձին մոլորակ էին ստեղծել ծերուկի համար,ով ցանկանում էր այդ մոլորակում ապրել հավերժ:
Համատեղ կյանքի սիրառատ տարիներն անցնում էին երազային համերաշխության մեջ,որը շրջապատում էր նույնիսկ այն պահերին,երբ վեճերն ու տարաձայնություններն անխուսախելի էին լինում:
Ծերուկը սկսել էր պարարտանյութեր պատրաստել և վաճառել,իսկ կյանքը դանդաղորեն ընկնում էր իր բնականոն հունի մեջ:
Մի՞թե ընտանեկան կյանքն այդքան անհոգ ու հաճելի կարող էր լինել մարդկանց համար,ովքեր ամուսնացել էին տարիքային մեծ տարբերություն ունենալով իրենց միջև:
Քեռուց մնացած տունն ու այգին նոր թարմություն ստացան,երբ այդ տուն մտավ Ամելին:Այդ ժպտադեմ աղջիկը տունը վերափոխեց,այգու վաղուց չորացած ծառերն էլի բերք տվեցին,իսկ տան՝արեն տասնյոթ տարի մարած ջահը կրկին լույս տվեց:Ասեղնազարդ վարագույրներ զարդարեցին լուսամուտները,հանգած բուխարին կայծ տվեց,և անշնչացած տունը կենդանության նշաններ ցույց տվեց:Խոհանոցում,որտեղ վաղուց փոշու հսկայական շերտ էր կուտակվել կաթսաների,ափսեների ու բաժակների վրա,կրկին ուտելիքի ախորժաբեր ու հաճելի բույրեր տարածվեցին:
Տան ամբողջ կեղտն ու փոշին մաքրելու համար ամիսներ էին հարկավոր,բայց Ամելին մի շաբաթում տունն այնպես վերափոխեց,որ թվում էր,թե քեռու տունը քանդել և տեղում մի նոր ու գեղեցիկ տուն են կառուցել,որտեղ երջանիկ մարդիկ են ապրում:
Ծերուկը պատմում էր՝դողացող ձեռքերն իրար խաչած ու մաքրում էր գլորվող արցունքները:
Դա իր պատմությունն էր,իրենից էր սկիզբ առել,իսկ հիմա՝հետադարձ հայացք գցելիս մի հեքիաթ էր թվում,անիրական ցնորք,որը պահատել էր մեկի հետ,ում ինքը նույնիսկ չի ճանաչում,չնայած մինչ այսօր էլ հիշում էր այդ աղջկա խորունկ,սև աչքերն ու չարաճճի ժպիտը,ալիքվող խիտ մազերը,վարդագույն շրթունքները:
Ծերուկ քիմիկոսը՝մարմարե տիկնիկին ձեռքում զգուշորեն բռնած շարունակում էր պատմել իր կյանքի պատմությունը:
Տիկնիկը չէր հասկանում,թե այդ ամուսնությունից հետո էլ ի՞նչը կարող էր ծերուկին հասցնել անօգնական ու միայնակ վիճակի,ի՞նչը կարող էր մի այդպիսի երջանկություն խլել,ի՞նչ աղետ էր քանդել այդ միությունը…
Սիրո հիմքի վրա ստեղծված միությունները քանդել ունակ են միայն ամենամեղսավոր մարդիկ ու ամենասարսափելի երևույթները:
Մա՞րդ էր դա,թե երևույթ,որ համարձակվել էր որբ տղայից խլել երջանկության միակ հույսը,որ գտել էր երեսունհինգ տարի քրտնաջան աշխատելուց ու բանտում փակված լինելուց հետո:
Ինչու՞ էր ծերուկը տեղափոխվել այս որջը,որտեղ էլ գտել էր իրեն:Այս հարցերի պատասխանները լույս կսփռեին պատմության վրա:
Հիշում էր,թե Ամելին՝իր կինը,ինչպես էր թեյնիկն ու թխվածքով լի սկուտեղը ձեռքին մտնում իր աշխատասենյակ,ստիպում,որ ուտի,քաղցած չմնա:
Պատահում էր,որ ծերուկը փորձեր էր անում մինչ առավոտ,իսկ Ամելին՝չնայած ամուսնու նախատինքներին մնում էր նրա կողքին,զրուցում հետը,հուսադրում,որ ամեն ինչ կստացվի:
Գործովի շալը գցում էր ուսերին ու նստում ամուսնու կողքին,ուշադիր հետևում ամեն մի գործողությանը,հարցեր տալիս:
Աշխատանքային հաճելի հոգնածությունն անցնում էր,երբ նստում էին փոքրիկ բազմոցին,իրար գրկում ու թեյ խմում;Ավելի իրական հրճվանք անհնար է պատկերել,քան այն,երբ Ամելին գլուխը դնում էր ծերուկի ծնկներին,իսկ ծերուկը մազերն էր շոյում,համբուրում ճակատը:Ամելին ամուսնու ծնկներին գլուխը դրած էլ քնում էր,և ծերուկը նրան զգուշությամբ պառկեցնում էր մահճակալին:
Ինչքա՜ն հանգիստ էր քնում այդ աղջիկը՝փոքր-ինչ կուչ գալով:
Առավոտյան համբուրում էր Ամելիի ճակատն ու թեյ պատրաստում սիրելիի համար:Երբ արթնանում էր Ամելին,ծիծաղելի տեսք էր ունենում գզգզված մազերի պատճառով:Արագ-արագ սանրվում էր ու վարդագույն գիշերազգեստը հագած նստում սեղանի մոտ,թեյ խմում:
Մարդկային երջանկության անունն Ամելի էր:Նա խիտ մազեր ու սև աչքեր ուներ…
Երջանկությունը չքանում է այն ժամանակ,երբ ընտելանում ես նրա ներկայությանը:
Ամելին հիվանդ էր.այդ փոքրիկ աղջիկը,որին ծերուկն անսահման սիրում էր,մի օր անկողին ընկավ,երբ ամուսնության յոթերորդ տարին լրացավ:Թվում էր,թե ժամանակն ամենն իր տեղը կգցի,բայց ժամանակի հետ աղջիկը թուլանում,հյուծվում էր:
Ծերուկը հուսահատության գիրկն էր ընկել.իրենից փորձում էին խլել ամենաարժեքավորը,որ երբևէ ունեցել էր:Կյանքի անարդարության դեմ ոխով լցված,սենյակի մի անկյունից մյուսն էր գնում,հոնքերը կիտած մտածմունքների մեջ ընկնում,ելք էր փնտրում:
Պարարտանյութերից ստացված գումարները վերջացան,տանն այլևս արժեքավոր իր չկար,որ վաճառեր,բայց աղջիկը ոտքի չէր կանգնում:
Ամեն անգամ,երբ տեսնում էր փայլից զրկված աչքերը,անփույթ թափված մազերն ու հիվանդությունից գունազրկված,ճաքճքված շրթունքները,սիրտը ցավում էր այդ տեսարանից:
Ամելիի մայրը եկավ աղջկան խնամելու,որ ծերուկն աշխատեր,բուժման համար գումար կուտակեր:
Փակվում էր իր լաբարատորիայում ու մտքերը վանելով փորձում կենտրոնանալ գործի վրա:
Այսպես աշխատում էր մի քանի ամիս,գումար էր կուտակել բուժման համար,բայց պետք չեկավ…
Գիշերային մղձավանջների մեջ մահացավ Ամելին ու իր հետ տարավ այն մոլորակը,որտեղ ապրում էր ծերուկը:
Մոր արցունքերից թրջված մազերը առաջվա պես չէին փայլում,իսկ աչքերը փակվել էին մեկընդմիշտ:
Ո՞րն էր ծերուկի ապրելու իմաստն այժմ,երբ կորցրել էր միակ հարստությունը,որ երբևէ ունեցել էր:
Տիկնիկն այժմ հասկանում էր,որ մարդկային երջանկությունն էլ կարող են քանդել ու ավիրել ՝հաշվի չառնելով,թե որքան ժամանակ է հարկավոր եղել այն կառուցելու համար:
Ծերուկը ՝սիրելիին կորցնելուց հետո խելագարության ճիրանն էր ընկել և հարբեցողության անցել՝անտուն թափառելով:
Այդ տունը մահվան շնչով էր լցվել և այդտեղ ապրելն անհնար էր դարձել ծերուկ քիմիկոսի համար:
Օղին էր միակ ընկերն ու օգնականը,ցրտից տաքացնողը,ցավից ազատողն ու խնդիրներին լուծում տվողը:
Մի՞թե գեղեցկությունը հավերժ չէր ապրելու,ինչու՞ պիտի ինքը դատապարտվեր հավերժական մենության:
Թափառում էր ու խմում՝ոչնչի մասին չմտածելով:Չկար մեկը,որ տանն իրեն կսպասեր,կօգներ դուրս գալ այս անօգնական վիճակից:
Անցել էր ժամանակ,ու ծերուկը որոշել էր կենդանանալու փորձեր անել:Վերադարձել էր իր տունը,բացել էր լաբարատորիայի դռներն ու սկսել էր աշխատել:Օրերով փակվել էր այնտեղ,փորձել նոր տեսակի պարարտանյութեր ստանալ:Քսան օր ու գիշեր աշխատելուց հետո ստացվել էր,ու հիմա,երբ մտել էր այդ տունը,որտեղ երջանկության ամենաիրական տարիներն էին անցել,սիրտը թրթռում էր այդ իրերին նայելիս:
Բացում էր պահարանները՝կնոջ հագուստների բույրը,դատարկ օծանելիքի շշերն ու դիմափոշիները,վաղուց չհագած փոքրիկ կոշիկները,սպիտակ փոքրիկ գուլպաները:Գժվել կարելի էր. երջանկություն պատճառող այս իրերը անտանելի դարձան:
Կրակի մագիլները անհագ կլանում էին այն ամենն ,ինչ կապված էր այդ կնոջ հետ:Ճերմակաթույր զգեստները մրից սևանում էին,ապա դանդաղորեն վառվում,մոխրանում:Ծերուկն էլ կարծես այրվում էր դրանց հետ:
Բայց սա չօգնեց ազատվել սիրելի աղջնակի ներկայությունից:Տունը հագեցած էր աղջկանով:Հայելի չէր դա,այլ այն աղջիկն էր,ով ժամերով զննում էր իրեն հայելում,սեղանն էլ իրականում այն չէր,ինչ թվում էր,դա այն աղջիկն էր,որ ամեն առավոտ թեյ էր դնում այդ սեղանին և չարաճճի ժպտում,իսկ պահարանը ամենևին էլ պահարան չէր,դա հենց այն աղջկա մասին պատմող հիշողությունն էր,ով երբեք չգիտեր ինչ հագնել:Սա տուն չէր, այլ խիտ մուգ մազերով ,գեղեցիկ ժպիտով աղջկա մասին հիշողությունների գերեզմանոց:Հեռանալ էր պետք,քանի դեռ տունը չէր լափել հուսահատ ծերուկին:
Հեռացավ տնակից՝իր հետ վերցնելով միայն սրվակներով լի ճամպրուկը,սկսեց թափառել՝կյանքի իմաստ փնտրելով,բայց չգտավ.կորուստը մեծ էր,անհնար էր փոխարինել:
Երկար թափառեց,շա՜տ երկար:Շատ մարդկանց հանդիպեց,բայց մենակության որդը,որ բույն էր դրել ծերուկի ներսում,այդպես էլ չհեռացավ իրենից:
Քեռուն հիշեց,թե ինչպես էր խրատում,որ այն պահերին,երբ ամեն ինչ կորած էր թվում,պետք էր հավատալ հրաշքներին:Հիշեց բեղավորին,ով աշխատեցնում էր իրեն,խաբում:
Հանքում աշխատող տղաներին հիշեց,որոնցից մեկի պատիվը պահելու համար բանտ ընկավ,բայց նույնիսկ հիմա,երբ տարիքն առած տղամարդ էր,չզղջաց իր արարքի համար:
Հիշեց Ամելիի հորը,ով իրեն ապաստան տվեց այն ժամանակ,երբ մահացավ քեռին:Բոլորին էլ կարոտեց,նույնիսկ բեղավորին,ով քեռուն վիրավորել էր:Մարդկանց կարիք զգաց,բոլոր այն մարդկանց կարիքը,ում ճանաչել էր կյանքում:
Պատմում էր ու սրտի ծակոցից կծկվում,կուչ գալիս:
Վերցրեց սեղանին դրված թղթերից մեկն ու սկսեց գրել:Գրում էր այնպես արագ,կարծես էլ երբեք ժամանակ չի ունենա գրելու համար:
Տիկնիկը բռնած աջ ձեռքում,ձախ ձեռքով գրում էր արագ-արագ ու հևասպառ շնչում:
Սրտի ծակոցներին դիմանալով խոսում էր ծերուկը:
Պատմում էր ծերուկը,որ խելացնոր թափառելով չի գտել գտել մի քաղաք,որտեղ կարելի էր ապրել ու վերակենդանանալու փորձեր անել:Այս աշխարհում ամեն ինչ Ամելիին էր հիշեցնում:
Ինչքա՜ն զարմանալի ու առեղծվածային էր,որ այդ փոքրիկ աղջիկը այնքան մեծ սեր էր ներարկել ծերուկին,որ մահից հետո անգամ բոլոր քաղաքները լցված էին նրա բույրով,շնչով:
Ի վերջո մի քիչ փող կուտակել էր հաջողվել ու օտար քաղաքներից մեկի ծայրամասում մի խրճիթ էր վարձել:Հենց այդ խրճիթում էլ գտավ մարմարե պարուհուն…
Շարունակեց ընդհատված կյանքը,սկսեց պարարտանյութեր պատրաստել և համակերպվել իր բաժին մենության հետ:
Տիկնիկի ու ծերունու միջև հոգևոր կապը պատահական չէր,ինչպես որ ոչինչ պատահական չէ այս կյանքում:
Ծերուկը նամակն էր գրում՝ժամանակ չկորցնելով ու խոստովանում էր տիկնիկին,որ նրան իր կնոջն է նմանեցրել.նույն նրբությունն ու կանացիությունն էր տեսել պարուհու մեջ,ինչը ուներ Ամելին:
Տիկնիկի մարմարե սլացիկությունը,քանդակած մեծ աչքերն ու անփույթ թափված մազերը միասին կարծես Ամելիի փոքրացված արձանիկը լիներ,որի վրա,հավանաբար,վարպետը մանրակրկիտ ու երկար աշխատանք էր տարել:
Մարմարե պարուհին եզակի նմուշ էր,ինչպես որ Ամելիի նման երկրորդը չկար աշխարհի ոչ մի քաղաքում:
Սրտի ծակոցներից կծկվելով ՝ծերուկն ընկավ հատակին՝ձեռքում պինդ պահելով մարմարե տիկնիկը:
Այդ պահին,երբ ծերուկի ձեռքում սեղմված ընկավ գետնին տիկնիկը,հանկարծ հիշեց իր պատմությունը,իր բոլոր տերերին,ում ձեռքով անցել էր:
Իրեն մի երիտասարդ վարպետ էր պատրաստել:Հիշում էր այդ փոշոտ սենյակը,որտեղ քարից ծնվեց ինքը,ու քանդակագործի ամեն հպումով է՛լ ավելի սլացիկ ու բնական դարձավ:
Երբեմն արվեստանոց էր մտնում վարպետի դուստրը՝հինգից վեց տարեկան մի աղջիկ,ով հիացմունքով նայում էր տիկնիկին ու թաքուն երազում մի այդպիսի տիկնիկ ունենալ,բայց հայրը միշտ կրկնում էր հուսահատ.
-Աղջի՛կս,սա պատվեր է մի մեծահարուստ ընտանիքի համար,զարդատուփին պիտի ամրացնեմ:
Եվ փոքրիկն ամեն անգամ լռությամբ ընդունում էր հոր խոսքերն ու արցունքները թաքցնելով վազում դուրս:
Տիկնիկը մտաբերում էր,թե ինչպես իրեն ամրացրին զարդատուփին,որ մի հիմար աղջիկ պտտեր զսպանակն ու դիտեր իր պարը:
Զարդատուփն Ինեսս անունով աղջկա համար էր,ում եղբայր Էրիկը կոտրեց իր թևն ու աղբը նետեց:Իրեն գտավ հարբեցողն ու նվիրեց դստերը,ով իր թևը կպցրեց ու զգուշությամբ իրեն թաքցրեց պահարանում:Իսկ այժմ,երբ թվում էր,թե իրեն այլևս ոչ-ոք չի գտնի,հայտնվեց ծերուկ քիմիկոսը:
Քիմիկոսը ցավից գալարվում էր հատակին:Ցած գցեց ձախ ձեռքում բռնած գրիչն ու հնչահեղձ լինելով սղմեց ձեռքի ափերը:
Առավոտյան ծեր քիմիկոսին անշնչացած գտան,իսկ կողքին՝հատակի վրա մարմարի մանր-մունր կտորներ էին ցիրուցան եղել…
Սեղանին նամակ կար.
«Քեռիս ինձ ասում էր,որ հրաշքների հավատալ պետք է այն ժամանակ,երբ ոչ-ոք չի հավատում:Երազելով ոչինչ չենք կորցնում,բայց շատ բան կարող ենք գտնել: Այս խոսքերը կցանկանայի փոխանցել որդուս,բայց երեխա չունեցա…և հիմա,երբ մահի շունչը զգում եմ պաղող երակներումս,ուզում եմ այս տողերը իրեն վերցնր նա,ով կկարդա այս նամակը: Խնդրում եմ ինձ հետ հողին հանձնել մարմարե պարուհուն…»:
Նամակն ընդհատվում էր.թվում էր,թե այլևս ուժ չի ունեցել շարունակելու համար:
Մարմարի բեկորները հավաքեցին ու լցնելով մի տուփի մեջ, հողին հանձնեցին ծերուկի դիակի հետ՝չհասկանալով խելագարի վերջին ցանկությունը:
Դա այն գերեզմաններից էր,որտեղ թաղվածները ոչ մի հարազատ չունեն ու մահից հետո հավերժական անտարբերության են մատնվում:Գերեզմանը խոտի առատ շերտով ծածկվեց,հազար ու մի անպետք մոլախոտ ծլեց,իսկ երբ եկավ առաջին ձյունը,այդ լքված գերեզմանը նմանվեց մաքուր,ճերմակ վերմակի,որի տակ քնել էին հանգի՜ստ ու էլ երբեք չէին արթնանալու:
Տարիներ անց,երբ գերեզմանոցում տեղը սպառվելու պատճառով դիակների վրա նորերն էին թաղում,մի գերեզման՝գարնան մեղմ եղանակին,երբ մարդու սիրտը սկսում է թեթևացած շունչ քաշել,սպիտակին էր տալիս,մի անբացատրելի ճերմակ փայլով շողում:
Գերեզմանի վրա երիցուկներ էին աճել ու համաչափորեն ծածկել շիրմաքարը:
Ամելին երիցուկներ շա՜տ էր սիրում…

Комментариев нет:

Отправить комментарий