Общее·количество·просмотров·страницы

суббота, 30 августа 2014 г.


Գրառումներ մահճակալի տակից

Երբ հերթապահ բժիշկը՝ գլուխը աթոռի հենակին դրած քնում էր, ու հիվանդանոցի բոլոր լույսերը մարում էին, ես կամացուկ գլուխս դուրս էի հանում մահճակալի տակից ու ձեռքդ բռնում: Քաշում էիր ձեռքիցս, ինձ բարձրացնում: Պառկում էի կողքիդ՝ փորձելով դարավոր մահճակալը չճռճռացնել: Մտնում էի վերմակիդ տակ, քեզ գրկում, ու մի լուսնային տարի պառկում էինք այդպես: Սրտիս զարկերը համապատասխանում էին քոնին, ու իրար նեղություն 
չէինք տալիս: Փսփսում էինք իրար ականջի, անձայն ծիծաղում. միայն ծեր բուժքրոջ խռմփոցն էր լսվում հիվանդասենյակում:
Քեզ տոպրակներով միրգ ու քաղցրավենիք էին բերում, բայց մի կտոր բերանդ չէիր դնում:
Մեր ժամին, երբ բոլորը քնած էին լինում, ձեռքիցս քաշում էիր, մահճակալի տակից ինձ հանում, միասին նստում էինք ու ագահաբար ամբողջը ուտում, վերմակի տակ պառկում մի լուսնային տարի, ու լույսը բացվելուն պես հրաժեշտի համբույր տալիս միմյանց:
Ես զգուշությամբ հարմարվում էի մահճակալի տակ, ու երկուսս էլ լուռ սպասում էինք գիշերվան, որ ապրենք էլի մի լուսնային տարի...
Թամարա Մարտենս, 29.08.14 թ.

Комментариев нет:

Отправить комментарий