Общее·количество·просмотров·страницы

суббота, 30 августа 2014 г.


Ի հիշատակ այն վախի, որ հեռացավ երեկ գիշեր
Մի օր էլ տեսնեմ վախդ գրկել ես, համակերպվել ես նրան: Դադարել էիր նրան սպանելու մասին մտածել, ինքն էլ այլևս չէր ցանկանում քեզ սուր զգացողություններ պարգևել:
Քնում էիր հանգի՜ստ, ինքն էլ՝ մահճակալիդ տակ. խեղճը անհանգստություն պատճառել չէր ուզում: Առավոտյան թաքնվում էր դռան հետևում ու ուսումնասիրում մերկ մարմինդ, զգում նոր լվացած ներքնազգեստիդ բույրը: Իրերդ էր թաքուն պահում, որ ժամերով փնտրես ու ուշանաս հանդիպումից. խանդու՜մ էր, բայց ցուց չէր տալիս:
Երբ կարդում էիր՝ մահճակալին փռված, վարագույրներն էր տարուբերում, քեզ էլ թվում էր, թե քամին է: Հողաթափերդ խնամքով տեղավորում էր ու տուն մտնելուցդ մի քանի րոպե առաջ զգուշությամբ դնում դռան դիմաց. մշտապես զարմանում էիր, թե ով կարող էր անել:
Մի անգամ էլ, երբ օրերով տուն չեկար, Վախդ լու՜ռ հեռացավ քեզնից՝ առանց իր մասին վերջին անգամ հիշեցնելու:
Գտել էիր մեկին, ով խոստացել էր քեզ պաշտպանել ամեն տեսակի վախերից, նույնիսկ այն մեկից , ով քեզ աշխարհում ամենից շատ էր սիրում, բայց իր մասին հիշեցնում էր միայն վարագույրներդ շարժելով, մահճակալիդ տակ քնելով ու ձեղնահարկիդ հատակը այնպե՛ս դոփելով, որ քեզ թվար, թե առնետներ են լցվել տանիք...
Թամարա Մարտենս

Комментариев нет:

Отправить комментарий