Общее·количество·просмотров·страницы

пятница, 7 ноября 2014 г.


Մի տաղանդավոր ու հայտնի նկարչի մոտ էի երեկ, անունը չեմ նշի: Քանի անգամ է գնում եմ ու աչքս չեմ կտրում մի կտավից: Մի տղա է՝ մինչ գոտկատեղը մերկ, ու մի սիրուն, երկարապոչ աքաղաղ ձեռքին: Նայում եմ ու նայում, երբեմն ինչ վատ եմ զգում, որ չտեսի պես էդքա՜ն նայում եմ: Աքաղաղը ինձ մանկություն էր տանում, երկար պոչն էլ կարծես ժամանակը լիներ՝ փոխակերպված ձևով, որ դանդաղորեն ծորում էր տղայի ձեռքից, խլում նրա ունեցած միակ մանկությունը:

Երեկ չդիամացա, ասացի.
-Էս նկարդ հրաշք է: Ամեն անգամ հիանում եմ: 
-Քոնն է, տար հետդ:
-Լու՞րջ ես ասում, թե՞ կատակ ես անում:
-Լուրջ եմ ասում, քոնն է, տար:
-Ես էլի աքաղաղ ունեցա, ապրես:

Երիցուկի օրագրից, առօրեական 

Գիտե՛ս, ես հոգնել եմ քեզ չսիրելուց, քո համար չանհանգստանալուց ու գիշերները քո պատճառով արթուն չմնալուց: Ես մեղք չունեմ, որ քո օծանելիքի բույրը երբ զգում եմ ինչ որ մեկի հագուստից, ինձ դա ոչինչ չի՛ հիշեցնում, իսկ քեզ սիրող աղջիկների մազերը փոկել չե՛մ ուզում, հասկանու՞մ ես ինձ: Երբ դու ինձ ծաղիկներ ես նվիրում, ես դրանք շաբաթներով չե՛մ պահում ու չորացնում կյանքիս օրագրի մեջ, այլ տատիկին եմ նվիրում` ասելով, թե իր համար եմ բերել:Մերկ մարմնիս վրա քո լայն վերնաշապիկները չե՛ն սազի, որովհետև ես դրանք չեմ էլ հագնի երբե՛ք : Ես չգիտեմ , թե մի օր ուժ կգտնե՞մ քո համար այն թխվածքից թխելու համար, որի մեջ միայն սեր եմ դնում: Քո խորհրդով վերցրած գրքերը երբեք չե՜ մ կարդում, հասկանու՞մ ես, ես դրանք պահարանի մի անկյունում այնքա՜ ն եմ թողնում, մինչև գրադարանավարը զանգում է ու պահանջում, որ տանեմ: Չե՜ ս հասկանում...
Նրանցից Երկարը անվերջ տխրում էր ,իսկ Հաստլիկը` ատամնաշարի ամբողջ երկայնքով մի այնպիսի ժպիտ էր խաղացնում, որ Երկարին փակում էր տեսադաշտից: 
Սրանք մտնում են սրճարան. երևի փողոցն ավլել կամ մեկից մի քիչ փող են թռցրել ու իրենց ճոխություններ են թույլ տալիս: Սուրճի բաժակներից բարձրացող տաք գոլորշին պատում է Հաստլիկի դեմքը, ինչից նա սկսում է ավելիլայն ժպտալ: Երկարն `անփոփոխ. տխրում է ու տխրում, բայց տղամարդ է, ինչպես պապը կասեր, զսպում է իրեն: Հաստլիկը լեզուն մտցնում է սուրճով լի բաժակի մեջ ու մի կում անում, զգուշորեն սրբում բաժակն ու դնում սեղանին: Պատկերացնում եք քանի~ ժամ է պետք սուրճն այդ եղանակով խմելու համար: 
Կողքի սեղանին էլ ես եմ ճեմում. ձեռքս` դնչիս տակ, թեյս սառչում է , բայց սրանց չնայելը հանցագործություն է:
Մեկ սրան եմ նայում, մեկ` մյուսին, ու չգիտես ոնց ու ինչու , արցունքներ են գլորվում աչքերիցս, թեյս թողնում եմ ու դուրս վազում:
Մի քիչ վազում եմ, հետո հետ գալիս ու ապակիներից նայում. դեռ սուրճ են խմում ու տխրու~մ ու ժպտու~մ...

воскресенье, 21 сентября 2014 г.


Մառանի արքաները

Ես տարիքս առած առնետ եմ ու ինչքան որ ինձ հիշում եմ, կա՛մ թակարդներից եմ փախել,կա՛մ էլ իմ դարավոր մառանի մի խունացած անկյունում կուչ եմ եկել ու հին երգեր երգել մեծ քաղաքների, առնետներիս եղբայրության մասին:
Մեր տեսակից շատերն են թակարդի զոհ դարձել. մեկը պոչն է կորցրել, մյուսը՝ թաթը, իսկ ես արտասովոր կերպ երկար ապրեցի, դրա համար էլ հիմա երգում եմ:
Մառանի պատը անձրևից խոնավացել, իսկ տանտիրոջ չաղլիկ կատուն էլ ճանկերով այնքան էր փորել, որ մի փոքրիկ, երկու մատնաչափ անցք էր բացվել:
Մի օր էլ իմ նմանի հոտ առա մառանիցս, իսկ ես քանի՜ տարի է մենակ եմ թագավորում, սովոր չեմ հյուր ընդունելուն, իմ պատառը կիսելուն:
Հյուրս երկա՜ր ճանապարհ էր անցել, պատի անցքից մտել ու իմ մառանում ապրում էինք, երգեր երգում մարդկանց մասին ու մարդկային քայլ լսելիս կուչ գալիս միասին այնքան ժամանակ, մինչ մի առավոտ մառանիցս կորավ իմ նմանի հոտը, իսկ պատի անցքից նայելիս հողի վրա ձգվում էր ոտնահետքերի մի շարան, որ փոքրիկ թաթերի հետքերից կամա~ց- կամա~ց փոխվում էր կանացի մանրիկ քայլերի...

воскресенье, 31 августа 2014 г.


Գրառումներ Երիցուկի օրագրից

Ինձ ասում էր, որ չափից դուրս պարզ եմ, ինչպես մաթեմատիկական բանաձևը, որն անգիր անելով կարելի է հեշտությամբ լուծել ցանկացած խնդիր: Նրա համար ես ամեն երևույթի ամենապարզ ընկալումն էի, նախնական, միաբջիջ ձևը:

Ինձ երիցուկ էր ասում, ես էլ իրեն Զինվորիկ, որի փաղաքուշ վերջածանցը հունից հանում էր նրան: Հսկա էր իսկական...
Ամեն մի հարմար առիթի կարող էր իր բնավորության կոշտ ու մահաբեր 《ներբաններով》տրորել ինձ, հավասարեցնել հողին, բայց դրան հակառակ ինքն էր իջնում, կորանում ու ուժը թողած մի Երիցուկի պարզագույն թերթիկների մեջ` իմաստ փնտրում:
Պարզությունս լուծել չէր ցանկանում, ասում էր` խրթին գործ է:

суббота, 30 августа 2014 г.


Գրառումներ մահճակալի տակից

Երբ հերթապահ բժիշկը՝ գլուխը աթոռի հենակին դրած քնում էր, ու հիվանդանոցի բոլոր լույսերը մարում էին, ես կամացուկ գլուխս դուրս էի հանում մահճակալի տակից ու ձեռքդ բռնում: Քաշում էիր ձեռքիցս, ինձ բարձրացնում: Պառկում էի կողքիդ՝ փորձելով դարավոր մահճակալը չճռճռացնել: Մտնում էի վերմակիդ տակ, քեզ գրկում, ու մի լուսնային տարի պառկում էինք այդպես: Սրտիս զարկերը համապատասխանում էին քոնին, ու իրար նեղություն 
չէինք տալիս: Փսփսում էինք իրար ականջի, անձայն ծիծաղում. միայն ծեր բուժքրոջ խռմփոցն էր լսվում հիվանդասենյակում:
Քեզ տոպրակներով միրգ ու քաղցրավենիք էին բերում, բայց մի կտոր բերանդ չէիր դնում:
Մեր ժամին, երբ բոլորը քնած էին լինում, ձեռքիցս քաշում էիր, մահճակալի տակից ինձ հանում, միասին նստում էինք ու ագահաբար ամբողջը ուտում, վերմակի տակ պառկում մի լուսնային տարի, ու լույսը բացվելուն պես հրաժեշտի համբույր տալիս միմյանց:
Ես զգուշությամբ հարմարվում էի մահճակալի տակ, ու երկուսս էլ լուռ սպասում էինք գիշերվան, որ ապրենք էլի մի լուսնային տարի...
Թամարա Մարտենս, 29.08.14 թ.

Ի հիշատակ այն վախի, որ հեռացավ երեկ գիշեր
Մի օր էլ տեսնեմ վախդ գրկել ես, համակերպվել ես նրան: Դադարել էիր նրան սպանելու մասին մտածել, ինքն էլ այլևս չէր ցանկանում քեզ սուր զգացողություններ պարգևել:
Քնում էիր հանգի՜ստ, ինքն էլ՝ մահճակալիդ տակ. խեղճը անհանգստություն պատճառել չէր ուզում: Առավոտյան թաքնվում էր դռան հետևում ու ուսումնասիրում մերկ մարմինդ, զգում նոր լվացած ներքնազգեստիդ բույրը: Իրերդ էր թաքուն պահում, որ ժամերով փնտրես ու ուշանաս հանդիպումից. խանդու՜մ էր, բայց ցուց չէր տալիս:
Երբ կարդում էիր՝ մահճակալին փռված, վարագույրներն էր տարուբերում, քեզ էլ թվում էր, թե քամին է: Հողաթափերդ խնամքով տեղավորում էր ու տուն մտնելուցդ մի քանի րոպե առաջ զգուշությամբ դնում դռան դիմաց. մշտապես զարմանում էիր, թե ով կարող էր անել:
Մի անգամ էլ, երբ օրերով տուն չեկար, Վախդ լու՜ռ հեռացավ քեզնից՝ առանց իր մասին վերջին անգամ հիշեցնելու:
Գտել էիր մեկին, ով խոստացել էր քեզ պաշտպանել ամեն տեսակի վախերից, նույնիսկ այն մեկից , ով քեզ աշխարհում ամենից շատ էր սիրում, բայց իր մասին հիշեցնում էր միայն վարագույրներդ շարժելով, մահճակալիդ տակ քնելով ու ձեղնահարկիդ հատակը այնպե՛ս դոփելով, որ քեզ թվար, թե առնետներ են լցվել տանիք...
Թամարա Մարտենս